Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Գուցե Ռուսաստանը տեղյակ է եղել, բայց հերքում է

Գուցե Ռուսաստանը տեղյակ է եղել, բայց հերքում է
16.02.2018 | 14:35

Երբ ռուսական զինված ուժերը Սիրիայի պատերազմի մեջ մտան 1915-ի աշնանը, ամենասարսափելի սցենարը դարձավ ամերիկացիների ու ռուսների հնարավոր մահացու բախումը` գերտերությունների առճակատումը: Մեկ շաբաթ առաջ Դեր Զոր քաղաքի մոտ կամավորների զինված խմբավորման վրա ԱՄՆ օդային հարձակման ժամանակ զոհվել են Ռուսաստանի քաղաքացիներ: Մոսկվան բոլոր ուժերով փորձում է թաքցնել միջադեպի մանրամասները: Եփրատի հարթավայրում այդ հարձակման զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները խիստ տարբեր են: ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ իր զինված ուժերը կորուստներ չունեն, «Բլումբերգը» և Նյու Յորք թայմսը մեջբերում են ռուսական աղբյուրներին, որ 200 զոհերի մասին են խոսում, գլխավորապես` ռուսների: Այդ տարածքից աղբյուրները հաղորդեցին նախ սիրիացի ցեղախմբերի սպանվածների մասին և բազում աֆղանների, սակայն, հնարավոր է` սպանվածների մեջ եղել են և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններից զինյալներ: ԱՄՆ-ի ռազմական աղբյուրները սկզբում հաղորդեցին 100 սպանվածի և կրկնակի թվով վիրավորների մասին:


Conflict Intelligence Team-ի ռուս ակտիվիստների խումբը, որ մասնագիտացել է ռազմական գործողությունների մասին տեղեկությունների որոնման մեջ, հրապարակել է ութ տղամարդկանց անուններ: Հարազատները հաստատել են փետրվարի 7-ի ռմբակոծության ժամանակ նրանց մահը: «Նյու Յորք թայմսը» գրում է, որ հաստատվել է չորս ռուսի մահը:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը զբաղվում է միայն ռուսական զինված ուժերով և տեղեկություններ չունի «ՌԴ այլ քաղաքացիների մասին, որ կարող էին Սիրիայում լինել»: Այդ զսպվածությունը աչքի է զարնում մի քանի օր առաջ` փետրվարի 3-ին տեղի ունեցած միջադեպի համեմատությամբ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի արմատական հակառակորդները Իդլիբի մոտ հրթիռով խփեցին ռուսական Су-25 կործանիչը: Օդաչու Ռոման Ֆիլիպովը անկարգելով վայրէջք կատարեց, բայց Ալ Քաիդային հարող Հայաթ Տախրիր ալ Շամ խմբավորման զինյալների հետ բախման ժամանակ ինքն իրեն պայթեցրեց նռնակով` ջիհադականներին գերի չընկնելու համար: Մի քանի շաբաթ Ֆիլիպովի հերոսական մահը ռուսական նորությունների գլխավոր թեման էր: Պուտինը հետմահու 33-ամյա օդաչուին պարգևատրեց «Ռուսաստանի հերոս» շքանշանով` պետական ամենաբարձր պարգևով: Նրա հուղարկավորությունը ցուցադրեց պետական հեռուստատեսությունը: Հեռուստահաղորդավարը հասկացրեց, որ ահաբեկիչները հրթիռը կարող էին ստանալ միայն ամերիկացիներից: Փաստը, որ ռուս զինյալների մահը լռության է մատնվել, թեպետ նրանք ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հարվածի զոհ են, երկու պատճառ ունի: Անցյալ տարեվերջին Պուտինը հայտարարեց, որ ահաբեկիչները Սիրիայում պարտվել են և հրամայեց դուրս բերել զինված ստորաբաժանումների մեծ մասը: Պակաս կարևոր չէ և իրավական կողմը` ի տարբերություն օդաչու Ֆիլիպովի, փետրվարի 7-ին սպանվածները Սիրիայում էին իբրև ռուսական մասնավոր բանակի զինվորներ: Նրանք հայտնի են «Վագների խումբ» անունով, խումբը ստեղծվել է ՈՒկրաինայի պատերազմի սկզբին և կռվել է Արևելյան ՈՒկրաինայում ու Սիրիայում, որտեղ իբր 2000 զինվոր ունի: Դա թույլ է տալիս ՌԴ ՊՆ-ին պնդել, որ ՈՒկրաինայում որևէ ռուս զինվոր չկա:

Conflict Intelligence Team-ի ուսումնասիրություններով` Դեր Զորում սպանվածներից ոմանք նախկինում կռվել են Դոնբասում: Պաշտոնապես մասնավոր բանակների անդամությունը Ռուսաստանում արգելված է: Այդ շաբաթ խորհրդարանը սկսեց քննարկել մասնավոր բանակների ստեղծման իրավական շրջանակների հարցը: Մեծ են և քաղաքական կորուստները` Վագների խումբը Սիրիայում գործում է ռուսական ռազմական հետախուզության գիտությամբ: Ամերիկացիները Սիրիայում ռուսական շտաբ-բնակարանի հետ մշտական կապով հաղորդել են նախապատրաստվող հարձակման մասին սիրիական դեմոկրատական ուժերի տեղական շտաբի վրա` Մոսկվայի հետ համաձայնեցված բաժանարար գծից 8 կիլոմետր հեռավորության վրա: Նրանց և քուրդ հրամանատարին կապի ռուս սպաները հաղորդել են, որ այդ շրջանում զորքի անսովոր տեղաշարժ չկա և ռուս զինվորները ներգրավված չեն: ԱՄՆ-ի տվյալներով` երբ սկսվել է ուղղորդված հարված ականանետներից, Т-72 տանկերից и 30 ռումբեր պայթեցին ամրությունից 500 մետր տրամագծով, որտեղ ԱՄՆ ռազմական խորհրդականներն էին, պատասխան կրակ բացվեց:

Հրանոթների հետ օգտագործվել են մարտական անօդաչուներ ու տրանսպորտային AC-130 ինքնաթիռ, որ հարմարեցված է ցամաքային զորքերի ոչնչացման համար ու կրակային մեծ հզորություն ունի: Բազում ժամեր տևած կռվից հետո ռուսները, քուրդ հրամանատարի տվյալներով, հրադադար են խնդրել, որ սպանվածներին ու վիրավորներին կռվի դաշտից հանեն, թեպետ մինչ այդ հերքում էին, որ ռուսական ստորաբաժանումներ են եղել կամ ընդհանրապես կռիվ է գնում: ԱՄՆ զինվորականները ռուսական կողմի հետ փորձում են պարզել կատարվածի հանգամանքները, թեպետ ծայրահեղ զուսպ են խոսում ռուսական մասնակցության մասին: Իբր ԱՄՆ-ի ու ՌԴ-ի զինվորները երբեք ուղիղ բախման վտանգի առաջ չեն եղել: Միջադեպը դեռ հետաքննվում է: Վճռորոշ կդառնա հարցի պատասխանը` ռուս վարձկանները մասնակցել են առանց զինված ուժերի հետ համաձայնեցնելու՞ գործողությունը վարչակարգին հավատարիմ կիսառազմական խմբավորումների հետ, որոնց շարքերում իրանցիներ ու աֆղանցիներ կան: Գուցե Ռուսաստանը տեղեկացվա՞ծ է եղել այդ գործողությանը, բայց հերքում է քաղաքական պատճառներով:
Յուլիան ՀԱՆՍ, Պաուլ-Անտոն ԿՐՅՈՒԳԵՐ, Süddeutsche Zeitung, Գերմանիա


Հ.Գ.
Միշտ էլ վտանգ կար, որ Սիրիայում երեք տարվա կռիվների ընթացքում ուղղակի բախումներից խուսափած Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մի օր կարող են միմյանց հարվածել: Պատահաբար, թե միտումնավոր: Կողմերի զուսպ զգուշավորությունը հուշում է, որ միմյանց խփելու ցանկություն չի եղել: Այդպես ստացվել է` պատերազմ է, ամեն ինչ չես կանխատեսի ու գնդակը կույր է: Գուցե այս զոհերը կողմերին համոզեն, որ պատերազմը թեժացնելու փոխարեն ավարտել է պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ